«Արցախյան շարժումը պատմական խորը արմատներ ունի, սակայն չեմ ուզում կրկին ասել` ինչպես եւ ինչու: Խնդիրն այն է, որ շարժումը, չնայած դրական կողմերին, նաեւ մի շարք հակասությունների տեղիք տվեց, ինչի մասին այսօր չի խոսվում: Իրականում Ղարաբաղյան շարժման հիմքում միատեսակ կարծիքներ չկային»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Նա փաստեց, որ ՀՀ կառավարությունը համապատասխան քայլեր էր ձեռնարկում` ստեղծելով, օրինակ, «Ղարաբաղ» կոմիտեն. «Բայց երբ մենք շրջափակման մեջ հայտնվեցինք, իսկ մարդիկ ինքնակամ զենք վերցրեցին, բայց փոխվեց ՀՀ կառավարության դիրքորոշումը: Խոջալուն վերցնելու գիշերը, երբ օպերացիան սկսվել էր, «հեռագիր» ստացանք` պահանջով դադարացնել ռազմական գործողությունները: Լեւոն Տեր -Պետրոսյանը դեմ էր դրանց, ինչպես նաեւ` Աշոտ Մանուչարյանը: Մինչդեռ մենք բարդ իրավիճակում էինք, եւ ՀՀ-ն պետք է օգներ մեզ: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Շուշին ազատագրելու հրաման էր տվել, մեզ ասաց` «էդ քանի գլուխ ունեք, որ որոշել եք ռազմական ճանապարհով ազատագրել Շուշին»: Այդպես ՀՀ կառավարությունը, որին վերագրվում են բոլոր հաղթանակները, դատապարտեց Շուշիի եւ Խոջալուի ազատագրումը»:

Տեր-Թադեւոսյանի խոսքով. «Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, մյուսներն էլ իսկական պատրիոտներ են, ես ոչ մեկի չեմ քննադատում, բայց սխալ է, երբ խոսում ենք հակառակորդի հետ բանակցություններ վարելու հեռանկարի մասին: Մենք հաջողություն գրանցեցինք, իսկ Ադրբեջանի նախագահը ԱՊՀ երկրներին խնդրում էր Տեր-Պետրոսյանին հորդորել համաձայնել կանգնեցնել մեր զորքերին: Ինչ հաղթանակ, եթե պետք է զորքերը հանեինք: Իսկ Վալերի Բալայանին, ով մասնակցում էր Շուշիի եւ Խոջալուի գործողություններին, բանտ նետեցին»:

Նյութի աղբյուրը՝ aravot.am