Forrigths.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ խորհրդարանական հանձնաժողովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել է, թե ովքե՞ր են քննելու այդ պատերազմը՝ բանակում չծառայածնե՞րը:

Իսկ նախկին նախարարն ի՞նչ է կարծում, միայն բանակում ծառայածնե՞րն ունեն ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցեր տալու, հանգամանքներ ուսումնասիրելու իրավունք կամ կարողություն: Հազիվ թե լուրջ է այդպիսի պնդում անելը:

Մյուս կողմից, եթե նախկին նախարար Օհանյանն ակնարկում է, որ խորհրդարանը չունի կադրային բավարար կոմպետենտության ներուժ, որպեսզի ձեռնամուխ լինի այդօրինակ լրջագույն խնդրի ուսումնասիրման, այստեղ իհարկե հարցը կարեւոր է: Անշուշտ, խոսքը մի իրադարձության մասին է, որը բացի մարդկային ողբերգական եւ քրեաիրավական հանգամանքներից, պարունակում է նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական բաղադրիչներ, հետեւաբար պահանջում այդ ասպեկտներին եւ համատեքստին տիրապետող կադրեր:

Միաժամանակ սխալ կլինի ասել, թե խորհրդարանը չունի այդպիսիք: Ըստ այդմ, որպես մտահոգություն հարցադրումը կարող է տեղին լինել, սակայն այն կարող է բացարձակ դեստրուկտիվ եւ նույնիսկ վտանգավոր լինել, եթե հնչում է հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսած դրա հանդեպ անլրջություն առաջացնելու նկատառումով:

Որովհետեւ, ի վերջո, պաշտպանության այդ օրերի նախարար Սեյրան Օհանյանին թերեւս պետք է առավելագույնս մոտ լինի խնդիրն ու մեծ լինի տեղի ունեցածի հանգամանալից ուսումնասիրման շահագրգռությունը, քանի որ Սեյրան Օհանյանն ինքն է ոչ միայն այդ օրերին, այլ գործնականում տարիներին՝ առնվազն 2014, 2015, 2016 թթ., եղել մի բանակի ղեկին, որը պահում էր ոչ միայն հայկական ինքնիշխանության վերջին թելը եւ ռազմա-քաղաքական սուբյեկտությունը, այլ գործականում միջազգային անվտանգության համակարգի հանգուցային մի օղակի կայունությունը:

Դա էր պատճառը, որ հայկական բանակը այդ տարիներին դարձել էր միջազգային անվտանգության ուժային առանցքային կենտրոնների թե բաց, թե փակ ուսումնասիրությունների եւ հետաքրքրության առարկան, հասկանալու համար, թե ինչի է ընդունակ բանակը եւ զուգահեռաբար նաեւ քաղաքական ինչպիսի պատասխանատվության ու համարձակության է ունակ այդ բանակի ղեկավարությունը, այդ թվում նախարարը:

Բանակը՝ նախարարի գլխավորությամբ, փաստացի հաղթեց, կասեցնելով ապրիլյան գրոհը, որ հակառակորդը մշակել էր մեր ֆորմալ դաշնակցի մեծ օժանդակությամբ: Բայց նախարարը պարտվեց, քանի որ հետպատերազմյա շրջանում անկարող եղավ քաղաքական մակարդակում կապիտալիզացնել բանակի մարտական այդ հաջողությունը: Դրա պատճառներն իհարկե բազմաթիվ էին եւ տարբեր, զգալիորեն նաեւ օբյեկտիվ: Ի վերջո, Սեյրան Օհանյանն ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չմանրանալու քաղաքական եւ մարդկային համարձակություն ու արժանապատվությունը:

Բայց Հայաստանի առաջ խնդիրը գործնականում մնաց՝ ապրիլյան քառօրյայում բանակի մարտական հաջողության (ապրիլյան քառօրյայի ուսումնասիրությունը պետք է վերահաստատի հենց այն, որ պատերազմը բանակի հաջողությունն էր, իսկ տարածքային կորուստները՝ պետության քաղաքական ղեկավարության եւ համակարգի ձախողումը) քաղաքական կապիտալիզացիան:

Այդ հարցն անկարող էր լուծել նաեւ Սերժ Սարգսյանը, դարձյալ սուբյեյտիվ եւ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Սարգսյանն ի վերջո գնաց նախարարի փոխարեն գերագույն գլխավոր հրամանատարի փոխանորդ նշանակելու ճանապարհով, որը բավական արդունավետ էր իրականացնում իր գործի դեկլարատիվ-անտուրաժային մասը, սակայն անկարող էր ապահովել քաղաքական կապիտալիզացիան: Որովհետեւ սկզբունքորեն զերծ էր պատերազմող բանակի ռազմական բաղադրիչի հետ օրգանական կապից:

Իրավիճակը փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո, եւ ակնառու է, որ նոր իշխանությունն ամիջապես ձեռնամուխ եղավ բանակի քաղաքական կապիտալիզացիայի գործին, պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակումով, միաժամանակ նրան տրված արտաքին քաղաքական բավական լայն ուղեծրով:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման վարչապետի նախաձեռնությունը այս գործընթացի նոր փուլն է, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի ռազմական ներուժի աշխարհքաղաքական կապիտալիզացիայի խնդիրը նոր մակարդակի բարձրացնելը: Մի բան, որն իհարկե Հայաստանի միայն 2014-18 թվականների օբյեկտիվ ու սուբյեկտիվ բացթողումը չէր, այլ հետպատերազմյա ամբողջ շրջանի արդեն բացարձակապես սուբյեկտիվ բացը:

Հայկական պետականության շեղընթացի խորքային պատճառներից մեկը եղել է այդ բացը, որը փորձ է արվում համալրել թավշյա հեղափոխությունից հետո: Ընդ որում, ակնառու է մի նուրբ հանգամանք՝ այդ գործընթացին ուշադրությամբ հետեւում են շահագրգիռ բոլոր ուժային կենտրոնները:

Կաջակցի՞ դրան Սեյրան Օհանյանը որեւէ դերակատարումով, թե ոչ, դա գուցե նրա անձնական գործն է, բայց որ խանգարելը, անլրջացնելը ոչ միայն վատ է, այլեւ վտանգավոր, կասկածից վեր է:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am