Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է սպառազինության գնման եւ արդիականացման գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ի պատասխան հարցին՝ երկու երկրների առաջնորդների վերջին հանդիպման ժամանակ արդյոք անդրադարձ կատարվե՞լ է ռուսական սպառազինության գնման հարցին, Հովհաննիսյանը նշեց, որ սպառազինության գնումը երկարատեւ գործընթաց է եւ բավականին բարդ, ոտքի վրա չի լուծվում:


«Կա գործընթաց եւ կան մատակարարումներ: Մենք ցանկանում ենք շարունակել եւ համալրել նոր տեսակներով: Այս ուղղությամբ աշխատում ենք: Բայց ամեն ինչ միանգամից չի արվում: Եվ պարտադիր չէ ամեն ինչի մասին հայտարարել»,- նշեց նախարարի մամուլի քարտուղարը:

Ինչ վերաբերում է Հայաստանին Միացյալ Նահանգների կողմից սպառազինություն վաճառելու հեռանկարին, ինչպես Երեւանում այդ մասին ակնարկեց Բոլթոնը, ապա Հովհաննիսյանը չմեկնաբանեց քաղաքական բնույթի հարցը: «Մեզ անհրաժեշտ է նոր սերնդի, բազմագործառնական, հեռահար, գերճշգրիտ սպառազինություն»,- նշեց Հովհաննիսյանը: