Կառավարությունը տարկետման իրավունք սահմանեց միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար:

Նախագծով նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետը, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են:

«2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի կօգտվի տարկետումից: Մենք գնացել ենք այդ քայլին, որովհետև մեզ համար միջին մասնագիտական կրթությունն էլ է կարևոր, որպեսզի հետագայում կրթական մակարդակը մեր ենթասպայական կազմի կբարձրանա, բայց արդեն իսկ ունենք օրենքով սահմանված կարգով հրաժարվողներ և զորակոչվողներ՝ մոտավորապես 40 հոգի»,- ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ այդկերպ ավելի շատ դիպլոմ ստացած մասնագետներ կզորակոչվեն բանակ, որով էլ կապահովվի կրթական մակարդակի աճ: