Օրերս ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է նորակոչիկ Նորայր Սահակյանի ծնողների բողոքը նորակոչիկի մահվան մեջ մեղադրված բժիշկների արդարացման դեմ։ Փետրվարին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով չորս տարի ազատազրկման դատապարտված՝ զորամասի բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ Մհեր Դավիդյանցին, թերապևտիկ բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Չախոյանին։ Դատարանը այս գործով 4 տարվա անազատության էր դատապարտել չորս բժշկի՝ գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, մայոր Կարեն Ջուլհակյանին, ՊԲ հավաքակետում բուժկետի պետ-բուժակ, ենթասպա Վարուժան Մանասյանին, Մհեր Դավիդյանցին և Արկադի Չախոյանին։

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին Նորայրին, առանց որևէ առողջական խնդրի, Էրեբունու զինկոմիսարիատից զորակոչել են բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ:

Նորայրի ծնողների համար անհասկանալի է՝ Վճռաբեկ դատարանը ինչու է մերժել իրենց բողոքը։

«Դիմելու ենք ՄԻԵԴ։ Մենք ամիսներ առաջ դիմեցինք վարչապետին, ուզում էինք հանդիպել, ներկայացնել խնդիրը, բայց որևէ արձագանք չեղավ, հիմա պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը՝ հավելելով, որ, իհարկե, առաջացել են ֆինանսական խնդիրներ ՄԻԵԴ դիմելու հետ կապված, բայց լիահույս են, որ որևէ իրավապաշտպան կաջակցի իրենց։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Նվեր Սահակյանի խոսքերով, հետևողական էր անգամ դատական գործընթացի վերաբերյալ, աջակցում էր, հետաքրքրվում ընթացքով, մինչդեռ Դավիթ Տոնոյանը չի ընդունել ծնողներին։

«Փորձեցինք հանդիպել նոր նախարարին, սակայն մեզ չընդունեցին և ասացին, որ որևէ կերպ չենք կարող ընդունել։ Մենք մեր ուժերով, մեր գումարով նոր փաստաբան վարձեցինք բողոքարկման համար, բայց էլի անարդյունավետ, ոչ մի բողոք տեղ չհասավ։

Նվեր Սահակյանը պատմեց, որ երկու փորձաքննության արդյունքներն էլ ցույց են տվել, որ անփութության հետևանքով է որդու մահը վրա հասել, բայց դատարանում պարզվում է, որ նրանք մեղավոր չեն․ «Երևի մենք էինք մեղավոր, որ ուղարկում էինք բանակ մեր որդուն։ Ինչպե՞ս կարող է՝ Ղարաբաղում ոչ մի բժիշկ մեղավոր չլինի, փաստորեն ո՛չ Ղարաբաղի բժիշկներն էին մեղավոր, ո՛չ այստեղի, որ հետպատվաստումային ռեակցիա էր սկսվել»։

Նվեր Սահակյանը նշեց, որ հեղափոխությունից հետո Մհեր Դավիդյանցը, Արսեն Թորոսյանի «թեթև ձեռքով», Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն նշանակվեց։ «Եթե Դավիդյանցը մի զինվորի կյանք չի կարող փրկել, ինչպես կարող է մի ամբողջ բժշկական հիմնարկ ղեկավարել, բայց քանի որ Արսեն Թորոսյանի մտերիմն է, նշանակում են։ Առողջապահության նախարարին եմ մեղադրում, եկավ նստեց, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, բոլորը մեղավոր էին, հիմա բոլորը մեղավոր չեն»,- բողոքեց Նորայր Սահակյանի հայրը։

Մհեր Դավիդյանցը 2012-ին Նորայր Սահակյանի մահվան գործով պայմանական ազատազրկված և համաներված է եղել»։

Ծնողները նորից դիմում են վարչապետին․ «Տասը րոպե արդյոք չի կարո՞ղ հատկացնել վարչապետը մեզ»։