ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանն ավանդական հարուստ ընտանիքի զավակ է: Նրան խոշոր կարողություն է մնացել հորից` հայտնի գործարար Սլավիկ Համբարձումյանից: Արկադի Համբարձումյանը, ով հայտնի է «Դերժավայի Արկադ» մականունով, «Դերժավա» ընկերության սեփականատերն է: Այս ընկերությունը զբաղվում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշերի ներմուծմամբ, ինչպիսիք են «Մարս»-ը, «Lacoste»-ն, «Colgate-Palmolive»-ը և այլն: Բացի այս՝ Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը Հայաստանում Audi և Porsche մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է:

Արկադի Համբարձումյանը ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին Երեւանում: 1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1986-1989 թթ. աշխատել է Երեւանի թիվ 5 հացի գործարանում բանվոր, 1989-1991թթ.` «Կաթ» ԱՄ-ում ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար: 1996-1997թթ. եղել է Երեւանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ, 1997 թվականից՝ «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ:

Այսինքն ` ՀՀԿ-ական-ի պատգամավորական ուղին անցել է բանվոր-քարտուղար-քննիչ-ընկերությունների նախագահ երթուղով: Հետաքրքիր է անցել նաև նրա քաղաքական ուղին: 2003-2007թթ. Համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ նախագահ ՕԵԿ խմբակցությունից: Օրինաց երկիր խմբակցության անդամ է եղել մինչ 2006թ.:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից: Հանդիսանում է սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Նշենք, որ Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքը, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտը, Շիրակամուտը, մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր ավելի հայտնի է հենց «Դերժավայի Արկադ» մականունով և մեծահարուստ հայրիկով: Վանաձորի Տարոններ թաղամասում և Շիրակամուտում զարմացած են Արկադի Համբարձումյանի հաղթանակով, քանի որ պատգամավորը վերջին 5 տարում գրեթե ոչ մի անգամ չի հայտնվել իր ընտրատարածքներում:

Պետք է նկատենք, որ Արկադի Համբարձումյանի կարգախոսն այս ընտրություններում եղել է` «Ես մեկն եմ ձեզանից», սակայն պատգամավորի այս կարգախոսն իր ընտրողների կողմից վերախմբագրվել էր և կես կատակ կես լուրջ ասում էին. «Ես 5 տարին մեկ եմ մեկը ձեզանից»:

Անկուսակցական պատգամավորը, որն ընդգրկված է ԱԺ ՀՀԿ խմբակցությունում, հայտարարագիր ներկայացնելիս ոչ մի գրառում չի կատարել «Արժեթուղթ և այլ ներդրում» և «Թեկնածուի թանկարժեք գույք» բաժիններում: Տարեկան եկամուտ կազմել է 112.255.080 մլն դրամ, որը գոյանում է նվիրատվություններից և պատգամավորի աշխատավարձից: Նա հայտարարագրել է 6 անշարժ գույք, 1բնակելի տուն և 1 շենք- շինություն և 4 հողամաս: Հայտարարագրել է նաև երկու ավտոմեքենա:

Նշենք, որ պատգամավորը բազմիցս աչքի է ընկել ճանապարհատրանսպորտային կաննոների խախտմամբ, որը բազմիցս անգամ ֆիքսել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը: Նման մի խախտման ժամանակ նրան ուղեկցում էր ԱԺ մեկ այլ պատգամավոր` հոկտեմբերյանցի Նովո մականվամբ Նահապետ Գևորգյանը: Ֆոտոլրագրողը ֆիքսել էր, որ ավտոմեքենաների վարորդները երթեւեկում են առանց ամրագոտու եւ ավտոմեքենաների դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները։ Հիշեցնենք, որ պատգամավորի մտերիմ ընկեր Նովոն, ԱԺ-ում մշտապես աչքի է ընկնում իր «կոռեկտությամբ», փայլուն վարքով, «գեղեցիկ» խոսակցականով և «սիրուն» հայհոյանքներով:

Արկադի Համբարձումյանն ԱԺ-ում որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, հարցեր և ելույթներ չի ունեցել, իսկ նիստերից բացակայել է 43 անգամ: Գործարար պատգամավորը 135 անգամ կողմ է քվեարկել, ընդամենը 1 անգամ, չգիտես ինչու, որոշել է դեմ քվեարկել և 17 անգամ էլ չի քվեարկել:

Այս արդյունքները տեսնելուց հետո, հերթական անգամ հասկանում ես, թե ովքեր են մեր խորհրդարանի ներկայացուցիչները և ինչով է պայմանավորված նրանց պատգամավորական գործունեությունը:

Արկադի Համբարձումյանը նույնպես ԱԺ-ում սահմանափակվում է միայն կոճակ սեղմելով և քվեարկություններին մասնակցելով: