Երեկվանից ԱԺ-ն քննարկում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացնում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Այս օրինագծով նախատեսվում է վերացնել ձկնաբուծարաններին տրվող արտոնությունները:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իրենց ելույթներում նշել էին, որ այս փոփոխությունների հետևանքով ձկնամթերքը կթանկանա: Ի պատասխան նախարարը ասել էր, թե նրանք «խորը մոլորության մեջ են»:

Իր ելույթում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատողություն արեց Արամ Հարությունյանին:

«Երեկվանից վիրավորական պատասխաններ տվեցիք: Ձեր այս ոճը շարունակվում է այսօր, դուք ձեր տանը չեք, պահպանեք ԱԺ կանոնակարգ օրենքը: Դուք մեզ ուղղված ձեր պատասխաններն սկսում եք այս ոճով՝ «դուք իրավունք ունեք հարց տալու»: Մենք գիտենք, որ իրավունք ունենք հարց տալու, ձեզ կառավարությունից ուղարկել են աստեղ, որ մեզ ասեք՝ հարց տալու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ: Հետո ասում եք՝ դուք խորը սխալմունքի մեջ եք, կարող եք ասել, որ՝ ես համամիտ չեմ ձեզ հետ, բայց ի՞նչ է նշանակում՝ խորը մոլորության մեջ եք»,- ասաց Մարուքյանը:

Միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նշեց, որ որևէ նախարար իրավունք չունի վիրավորելու պատգամավորին և հակառակը: