Հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժինը ձեռք է բերել «East Prospect Fund» հիմնադրամը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Նա հայտարարեց, որ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի հայկական միակ ավիափոխադրողի 49 տոկոս բաժնետոմսերը հիմնադրամը ձեռք է բերել կատարելով 50 մլն. դոլար ներդրում: Այս հիմնադրամը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում:

Հանդիպմանը ներկա էին նաև «East Prospect Fund»-ի ներկայացուցիչներ՝ Վլադիմիր Բաբիլյովը՝ հիմնադրամի կառավարիչ և Եկատերինա Պավլյուկը՝ ներդրումային քաղաքականության գծով խորհրդատու:

Հիմնադրամի կառավարիչը նշեց, որ իրենց գլխավոր խնդիրը «Էյր Արմենիա» ավիաընկերության զարգացումն ու բարգավաճումն է: Սկզբնական ներդրումը կկազմի 30 մլն. դոլար: Բացի այս, հիմնադրամը աշխատանքներ է տանում, որպեսզի ավիաընկերությունը կարողանա նոր օդանավեր ձեռք բերել:

««Էյր Արմենիա» ավիաընկերությունը մեծ հեռանկարներ ունեցող բիզնես է և մենք շահագռգռված ենք դրա զարգացմամբ»,- ասաց հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բաբիլյովը:

Բարեփոխումների և ներդրումների արդյունքում «Էյր Արմենիա» ավիաընկերությունը կունենա մոտավորապես 5 օդանավ:

Նշենք նաև, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը 2013թ.-ի հոկտեմբերից սկսեց զբաղվել ուղևորափոխադրումներով: Սակայն սեպտեմբերի 11-ին, «Ռոսաէրոնավիգացիայի» հայտարարությունից հետո, ընկերությունում սկսվեցին խնդիրներ: Ուղևորները սկսեցին անվստահություն հայտնել, ինչի արդյունքում 50 տոկոսով նվազեց տոմսերի վաճառքի ծավալները: «Էյր Արմենիա» ընկերությունը 2 ամիս առաջ հայտարարեց ռեստրուկտուրիզացիայի մասին, որի ընթացքում էլ ներգրավվել է այս ներդրումային ֆոնդը: