Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանված հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 10-ին «Собесетник.ru»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ինքը մտավախություն ունի, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կպատվիրի» իր սպանությունը ընդդիմադիր գաղափարների պատճառով: Մինչ այս հարցազրույցը Նեմցովը մտավախություններով կիսվել էր միայն մոր հետ:

Ներկայացնենք հատված հարցազրույցից.

- Ես երբեք չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները: Կարծում եմ, որ հենց նա (Պուտինը) հրահրեց պատերազմը Ուկրաինայում: Նրան ես վերաբերում եմ շատ վատ: Նամանավանդ «Նորդ-Օստի» և Բեսլանի դեպքերից հետո: 

(Հարցազրույցում Բորիս Նեմցովը պատմում է իր և մոր խոսակցությունների մասին): 

- Հետաքրքիր է, Ձեր մոր հետ խոսակցությունների՞ց հետո սկսեցիք վախենալ, թե Պուտինը կարող է մոտակա ժամանակներում սպանել Ձեզ անձամբ կամ այլ եղանակով:

- Գիտեք, այո՛... Մի քիչ: Ոչ այնքան շատ, որքան մայրիկս, բայց ամեն դեպքում... ես նրանից այդքա՜ն շատ չեմ վախենում: Եթե շատ վախենաի, ապա չէի գլխավորի ընդդիմադիր կուսակցություն, դժվար թե զբաղվեի նրանով ինչով զբաղվում եմ: Իմիջայլոց, իմ և մայրիկիս կողմից կբարևեք Դմիտրիյ Բիկովին: 

- Շնորհակալություն, կփոխանցեմ: Հուսով եմ, ամեն դեպքում ողջամտությունը կհաղթի և Պուտինը Ձեզ չի սպանի: 

- Աստված տա: Ես նույնպես հուսով եմ: