Զրույց գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

-Պարոն գեներալ, ի՞նչ կպատմեք Ձեր ծննդավայր Գորիսի Տեղ գյուղի, Ձեր նախնիների ու մանկության մասին։

-Պապերս հովիվներ են եղել։ Ես ե՛ւ պապիս եմ տեսել, ե՛ւ մեծ պապիս։ Մերոնք հայտնի են եղել իրենց բարձր հասակով ու երկարակեցությամբ։ Մեծ պապս՝ Հովհաննեսը, 107 տարեկանում հովվություն էր անում, ձիուց պատահմամբ ընկավ, կողերը ջարդեց։ Նա մահացավ ոչ թե հիվանդությունից, այլ անկողնում անշարժ պառկելու դժվարությունից։ Ամբողջ կյանքում աշխատել էր, լուսաբացի հետ արթնացել, անկողին էր մտել ուշ գիշերով։ Ասում էր՝ տղամարդու համար աննամուսություն է լույսով անկողնում պառկելը։ Պապս փառահեղ տղամարդ էր։ Երկու մետրից ավելի հասակ ուներ, խիտ մազեր ու տարիքից շատ երիտասարդ էր երեւում։ Աղջիկ երեխա չէր սիրում, աղջիկների հետ կոպիտ էր, իսկ տղաներին պաշտում էր ու երես տալիս։ Ինձ համար հրացան էր գնել։ Ուզում եմ նաեւ Սեդրակ պապիս մասին պատմել, քանի որ նրա հետ էլ էի շատ կապված։ Սեդրակ պապս այգեպան էր, երկու անգամ վիրավորվել էր Հայրենական պատերազմի ժամանակ, Բեռլին էր հասել։ 60 հեկտար պտղատու այգի էր խնամում, ծառերի հետ այնպես էր խոսում, ասես մարդկանց հետ խոսեր։ Իմ մանկությունն այդ այգում է անցել, պապիս հետ, ծառերի հետ։ Պապս մահացավ 92-ին հրթիռակոծության ժամանակ գրադի պայթյունից։ Իմ մանկության պատմությունն ամբողջական չի լինի, եթե չհիշեմ Հազարավարդ տատիս։ Նա ավարտել էր Ռեալական ճեմարանը, գրում-կարդում էր գրաբար, երկարաշունչ սաղմոսներ էր արտասանում։ Հռչակված էր իր զարմանալի գուշակություններով, նայում էր երկնքին, աստղերի դասավորությանն ու կանխորոշում գալիքը։

Հայրս մասնագիտությամբ մանկավարժ էր, հայոց լեզու եւ գրականություն էր դասավանդում, հետո դարձավ դպրոցի տնօրեն։ Հայրս կարգապահ էր ու արդարամիտ, խստաբարո էր ու սկզբունքային։ Շատ մաքրասեր էր, կոկիկ։ Միամիտ էր, զերծ տարրական խորամանկությունից։ Չէր հանդուրժում ստախոսներին, ծույլերին, պարծենկոտներին։ Մեզ անընդհատ խրատում էր, որ շատ կարդանք, լավ սովորենք։ Հայրս հայրենասեր էր ու ըմբոստ։ Արգելված գրքեր էր հայթայթում, կարդում էր կլանված, հետո մեծ հուզմունքով ու ներշնչանքով պատմում էր դաշնակցականների, Անդրանիկի, հայոց անցյալի ու մեծերի մասին։ Հայրս պարգեւատրվել էր ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության եւ Լենինի շքանշաններով։

Մայրս շատ գեղեցիկ կին էր, մեղմ, զիջող, հնազանդ, բարեսիրտ։ Մինչ օրս աշխատում է մեր գյուղի մանկապարտեզում, բուժում է փոքրիկներին։ Ահա, ես պատմեցի այն մարդկանց մասին, որոնց ամենից շատ եմ սիրել, ովքեր զարդարել են իմ մանկությունը, իմ կյանքը։

-Իսկ նրանցից ո՞ւմ եք ավելի նման, ո՞ւմ եք շարունակում։

-Դժվար է միանշանակ պատասխանել։ Ես շատ էի սիրում խաղալ, դրսից զոռով էին տուն բերում։ Չարաճճի էի, կռիվներ էի հրահրում, ընկերներիս տանում էի թաղ-թաղ կռվելու։ Անընդհատ փորձանքների մեջ էի հայտնվում, վրաս միշտ քերծվածքներ կային, պարբերաբար ինչ-որ տեղից ընկնում էի, մեկ ոտքս էի ջարդում, մեկ՝ գլուխս։ Բայցեւայնպես, հասցնում էի նաեւ դասերս սովորել։ Ես դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով, իսկ մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով, Լենինյան թոշակ եմ ստացել։ Բուհից հետո ավարտել եմ նաեւ ասպիրանտուրան։ Երբ կռիվն սկսվեց, ես դասավանդում էի Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։

Պատերազմին մասնակցել եմ առաջին օրվանից, երկու անգամ վիրավորվել եմ, երեք անգամ ցնցակաթված եմ ստացել։ Մինչեւ 1992թ. բնականաբար մասնակցել եմ որպես կամավորական, 92-ից արդեն կանոնավոր բանակի կազմում սկսել եմ գումարտակի հրամանատարի տեղակալից, ամիսներ անց նշանակվել եմ Մարտունու զինվորական պարետ, 93-ին՝ Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար, 94-ին՝ 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, հետագայում եւս եղել եմ պաշտպանական շրջանների հրամանատար, 2002-ից ղեկավարում եմ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունը։

-Ո՞րն էր ամենամեծ բացահայտումը, որ արեցիք պատերազմի ժամանակ։

-Ինձ ապշեցրեց հայ մարդու հողի պաշտամունքը, հայրենիքի բնազդային զգացողությունը։ Ինձ ապշեցրին հայ մարդու անսահման կենսունակությունը, դիմացկունությունը, հույսը չկորցնելու եւ օրհասին դիմակայելու կարողությունը։ Արցախյան պատերազմը հոգու ու հայրենասիրության կռիվ էր։ Մեր զենքը մեր ոգին էր։ Եթե թուրքերի զենքն ու գլխաքանակը բազմապատկվեին, մենք էլի հաղթելու էինք, քանի որ մեր ոգու տարողությունը շատ մեծ էր։ Ոգու ակունքը մեր ներսից է բխում՝ սկիզբ առնելով դարերի խորքից ու փոխանցվելով սերնդեսերունդ։

-Պարոն գեներալ, Դուք բանակաշինության ծանր տարիներին հրամանատար եք եղել, հետո Ձեզ վստահել են բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքի ղեկավարությունը։ Ենթադրում եմ, որ զորքեր ղեկավարելիս հաջողություն եք ունեցել հատկապես դաստիարակության եւ միջանձնային հարաբերությունների ասպարեզում։

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր զինվորական կոլեկտիվում փոխհարաբերությունների որակը, բարոյականությունը թելադրվում են հրամանատարից։ Եթե հրամանատարը հարգալից է իր ենթակաների հանդեպ, եթե չի հանդուրժում կամայականություն, բռնություն, անօրինություն, ապա սպաները նույն կերպ են վերաբերվում զինվորներին, իսկ զինվորները՝ իրար։ Հրամանատարը պետք է եւ կարող է հաստատել իր աշխատաոճը, միջանձնային հարաբերությունների սեփական մոդելը։

-Հրամանատարները պնդում են, որ ներքին օղակներում կատարվող օրինախախտումներն ու անօրինականությունները միշտ չէ, որ տեսանելի են ու հասու հրամանատարին։

-Իրավիճակին տիրապետելու եւ տեղեկացված լինելու բազմաթիվ ձեւեր կան, եւ ցանկության դեպքում կարելի է ելք գտնել։ Հրամանատարը պետք է ուղղակի կապ ունենա զինվորների եւ շփվի նրանց ծնողների հետ։ Ես իմ բոլոր զինվորներին անունով գիտեի։ Ամիսը գոնե մեկ անգամ նրանց հետ դիրքեր էի բարձրանում։ Շատ կարեւոր է, որ հրամանատարի խոսքն ու գործը երբեք չհակասեն իրար, եւ սկզբունքները հաստատվեն առաջին հերթին անձնական օրինակով։ Եթե հրամանատարը խոսում է հարգալից վերաբերմունքի մասին, իսկ ինքը գոռգոռում է ու վիրավորում, եթե օրինականություն է պահանջում, իսկ ինքը շրջանցում է օրենքը, ապա չի կարող խուսափել ձախողումից, նրա խոսքն ու գործը ոչ մի արժեք չեն ունենա զինվորի աչքում։ Ես մեծ կարեւորություն եմ տալիս հրամանատարի արդարամտությանը եւ բոլոր զինվորներին հավասար աչքով նայելու սկզբունքին։ Անձնակազմի դաստիարակության առանցքում ազգային գաղափարախոսության դրույթներն են՝ հայրենասիրություն, ռազմական ոգի, ազգային ինքնագիտակցություն, քաղաքացիական կեցվածք, նվիրվածություն պետությանն ու պետականությանը, իրավագիտակցություն, բարոյական, հոգեւոր, գեղագիտական դաստիարակություն։ Այս գաղափարները պետք է լինեն ոչ միայն կրթադաստիարակչական ծրագրերի հենքը, այլեւ պետք է ուղղորդեն հասարակական կյանքն ամբողջությամբ, բանակն իր ամբողջ իրավական եւ բարոյական մշակույթով հենվում է ազգային գաղափարախոսության հիմնարար սկզբունքների վրա։

-Պարոն գեներալ, ի՞նչ հետաքրքրություններ ունեք ծառայությունից դուրս, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։

-Ես սիրում եմ կարդալ, հետաքրքրվում եմ արվեստով, գրականությամբ, գրողների միության անդամ եմ, բանաստեղծությունների երեք ժողովածու ունեմ, չորրորդը շուտով լույս կտեսնի, հինգերորդը պատմվածքների ժողովածու է։

-Ինչի՞ մասին եք գրում։

-Սիրո, հայրենիքի, գեղեցիկ հուշերի, սիրելի մարդկանց, առինքնող փոխհարաբերությունների մասին։ Ես ներփակ անձնավորություն եմ, ինձ համար ավելի հեշտ է ապրումներս հանձնել թղթին, քան անմիջականորեն պատմել թեկուզ ամենամտերիմ մարդկանց։

-Ի՞նչն է Ձեզ վրդովում այսօր ավելի շատ եւ ի՞նչը՝ ներշնչում։

-Ինձ վրդովում են նյութապաշտությունը, մանր կրքերը, աններդաշնակությունը։ Ես ցավում եմ, որ այս գեղեցիկ ու կատարյալ բնության ամենաշքեղ ստեղծագործությունը՝ մարդը, չի կարողանում գեղեցիկ ապրել ու վեհացնել կյանքը։ Ինձ հուզում է բարության պակասը, անհանդուրժողականությունը։ Ներշնչվում եմ ամեն լավով ու հավատում եմ լավի հաղթանակին։

-Պարոն գեներալ, «Հայ զինվորի» անունից շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։ Թող Ձեր շուրջը միշտ իշխեն բարին, գեղեցիկը, ներդաշնակությունը։ Եղեք առողջ, հաջողակ, լի եռանդով ու ավյունով։ Մաղթում ենք Ձեզ նոր նվաճումներ ու հաղթանակներ ինչպես ծառայության մեջ, այնպես էլ անձնական կյանքում։

Աղբյուրը` այստեղ