Վերջին օրերին հանրությունը շատ է քննարկում բանակի, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյանների կուտակած ունեցվածքի եւ բանակում առկա սոցիալական բեւեռացման թեմաները:

Aravot.am-ն ուսումնասիրելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարագրերը, պարզեց, որ օրինակ, ամենահարուստ փոխնախարարը, համենայնդեպս, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանն է: Նրա հայտարարագրած ունեցվածքը ՊՆ նախարարի, այլ փոխնախարարների եւ գլխավոր շտաբի պետի հայտարարագրած ունեցվածքներից էլ ավելին է:

Միրզաբեկյանը 2011 թվականին արժեթղթեր ոչ ձեռք է բերել, ոչ էլ օտարել, այդ մասին տվյալներ չկան: 2011-ի սկզբին եւ վերջում Միրզաբեկյանի հանձնած փոխառությունները կազմել են 5 միլիոն դրամ: ՊՆ փոխնախարարի դրամական միջոցները 2011-ի սկզբին կազմել են 81 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 55 միլիոն դրամ: Նշված տարում փոխնախարարի կողմից թանկարժեք գույք ձեռքբերելու կամ օտարելու մասին տվյալներ չկան:

Այդ տարում Միրզաբեկյանի աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 4,5 միլիոն դրամ, այլ եկամուտները՝ 3,1 միլիոն դրամ, շահաբաժինը՝ 2,7 միլիոն դրամ: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը կազմել է 1.7 միլիոն դրամ, ընդամենը՝ 12,1 միլիոն դրամ: 2012-ի սկզբին փոխնախարարի եկամուտները կազմել են 55 միլիոն դրամ, տարեվերջին՝ 54 միլիոն դրամ: Նույն տարվա սկզբում նրա փոխառության գումարը եղել է 5 միլիոն, տարեվերջին՝ 8,4 միլիոն դրամ:

2012-ին պարոն Միրզաբեկյանի աշխատանքի վարձատրությունը, այլ եկամուտներն ու շահաբաժինը միասին կազմել են 35.8 միլիոն դրամ: 2013-ի սկզբում պարոն Միրզաբեկյանի դրամական միջոցները կազմել են 54,5 միլիոն դրամ, տարեվերջին՝ 61 միլիոն դրամ:

Նշված տարում նրա եկամտի աղբյուրներն ու չափերը հետեւյալն են՝ աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 4,9 միլիոն դրամ, կենսաթոշակ 3,1 միլիոն դրամ, շահաբաժին՝ 13,8 միլիոն դրամ, շահաբաժին՝ 43 միլիոն դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը՝ 3,2 միլիոն դրամ, ընդամենը՝ 68,1 միլիոն դրամ:

2014-ի սկզբին այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 61 միլիոն դրամ, տարեվերջին՝ 68,2 միլիոն դրամ, եկամուտները՝ աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, կենսաթոշակ, տրված վարկերի դիմաց ստացված տոկոսը, շահաբաժինները միասին կազմել են 48, 3 միլիոն դրամ: 2015-ին Միրզաբեկյանը փոխառություն է տվել 75,3 միլիոն դրամ, դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 68,2 միլիոն դրամ, տարեվերջին՝ 4,3 միլիոն դրամ:

Թե ինչո՞ւ են տարեվերջին կտրուկ նվազել փոխնախարարի դրամական միջոցները, տվյալներ չկան, համենայնդեպս, թե 2015-ին, եւ թե մյուս տարիներին այս պաշտոնյան թանկարժեք գույքի ձեռքբերման կամ ներդրման մասին որեւէ տվյալ չի նշել: Միրզաբեկյանի՝ 2015-ին եկամուտները, կրկին աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, կենսաթոշակ, տրված վարկերի դիմաց ստացված տոկոսը, շահաբաժինները միասին կազմել են 26,5 միլիոն դրամ: Պարոն Միրզաբեկյանի կնոջ՝ Իվետա Իսրայելյանի կարողությունն էլ համեստ չէ: 2014-ի սկզբին տիկին Իսրայելյանի դրամական միջոցները կազմել են 37,4 միլիոն դրամ եւ 11 հազար դոլար, իսկ 2014-ի վերջում ՝ 38,1 միլիոն դրամ եւ 8 հազար դոլար:

Նշված տարում փոխնախարարի կինը փոխառություններ ոչ տվել է, ոչ էլ ստացել, այս մասին հայտարարագրում տվյալներ չկան, տվյալներ չկան նաեւ թանկարժեք գույք ձեռքբերելու կամ վաճառելու մասին: Փոխառություններ տալու մասին տիկին Իսրաելյանը տվյալներ չի նշել, սակայն նշված տարում որպես եկամտի աղբյուր է նշված տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը. սրանից կազմած եկամտի չափը 3,7 միլիոն դրամ է, իսկ աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումները՝ 2,5 միլիոն դրամ, ընդամենը՝ 6,2 միլիոն դրամ: Միրզաբեկյանի տիկինը 2015 թվականին, ըստ պաշտոնական հայտարարագրի, 38,2 միլիոն դրամի փոխառություն է տվել:

Նույն տարում նրա դրամական միջոցները կազմել են 38,1 միլիոն դրամ՝ տարեսկզբում, իսկ տարեվերջին՝ 12 միլիոն դրամ եւ 8 հազար դոլար: Նույն տարում ձեռքբերված կամ օտարած թանկարժեք գույք եւ արժեթղթեր չի նշել տիկին Իսրայելյանը: Նրա եկամուտները 2015-ին հետեւյալն են՝ աշխատավարձ՝ 3,2 միլիոն դրամ, տրված վարկերի դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը՝ 4,1 միլիոն դրամ, շահաբաժինը՝ 16 միլիոն դրամ, ընդամենը՝ 23,3 միլիոն դրամ: