Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» դեմ արտագնա խաղում (6։0) խփել էր չորս գոլ։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաեւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը:

Լիոնել Մեսին Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (3։1) դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ռոմելու Լուկակուն «Սլավիայի» դեմ խաղում (3։1) դարձել էր գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կեյլոր Նավասը «Ռեալի» դեմ խաղում (2։2) 11 սեյվ էր կատարել: