Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային երկրորդ օրը տեղի կունենան 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշայինների գոտեմարտերը: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը ներկայացուցիչներ կունենա բոլոր քաշային կարգերում:

61 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: 20-ամյա ըմբիշը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովը:

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային 1/8 երզափակիչում կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ:

92 կգ քաշայինների որակավորման փուլում Մարզպետ Գալստյանը կմրցի ուկրաինացի Ռոման Ռիչկոյի հետ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Առաջին մրցումային օրվա Հայաստանի ներկայացուցիչներից երրորդ տեղի համար սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել միայն 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը: Առաջին սփոփիչ գոտեմարտում Մխեյանի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադան: Գեւորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին մրցումային օրը պայքարի դուրս եկած Վալոդյա Ֆրանգուլյանը, Արման Ավագյանն ու Սարգիս Հովսեփյանն անհաջող հանդես եկան եւ լքեցին պայքարը:

Քառորդ եզրափակիչ դուրս եկած 79 կգ քաշային Արման Ավագյանը 4:8 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաբրաիլ Հասանովին եւ լքեց պայքարը: Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:5 հաշվով հաղթել էր մոլդովացի Գեորգի Պասկալովին: Վալոդյանը Ֆրանգուլյանը (65 կգ) որակավորման փուլում սլովակ Դավիդ Հաբատին հաղթելուց հետո (3:1), 1/8 եզրափակիչում պարտվեց լեհ Քրիստոֆ Բյենկովսկու(1:4): Սարգիս Հովսեփյանը (97 կգ) մեկնարկում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին (0:5)։