Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը օգոստոսի 20-ին հանդիպել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի հետ, տեղեկացնում է RAC1-ը:

Հանդիպման ընթացքում 57-ամյա Կումանը փորձել է համոզել Մեսիին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չհեռանալ «Բարսելոնայից», սակայն արգենտինացի հարձակվողը հայտնել է, որ իր համար ապագա չի տեսնում «Բարսելոնայում» և մտածում է նոր մարտահրավերի մասին:


Ռոնալդ Կումանը խնդրել է Մեսիին մտածել և այս պահին վերջնական որոշում չընդունել:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսում Կումանը հայտարարել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի Լիոնել Մեսիին հետ պահի «Բարսելոնայից» հեռանալու մտքից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» 2:8 հաշվով կրած պարտությունից հետո Լիոնել Մեսին որոշում է ընդունել հեռանալ «Բարսելոնայից»: