Ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն «Ռոմայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական ակումբի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հիշում եմ, որ ծիծաղում էի, երբ նա ասաց, որ խաղալու է «Արսենալում»: Մտածում էի՝ ի՞նչ «Արսենալ»: Նա խաղաց «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում» ու Դորտմունդի «Բորուսիայում»: Իրոք, Հենրիխը մեծառատով պրոֆեսիոնալ է:


Երիտասարդ խաղացողներից շատերը պետք է ուշադրություն դարձնեն ու հետևեն հենց Հենրիխի կարիերային, քանի որ նա կարողացավ առաջ շարժվել ու բարձր մակարդակի հասնել ոչ այնքան ֆուտբոլային երկրից, քան Ուկրաինան է: Դա մեծ աշխատանք է, մեծ շրշանակներ ու սահմաններ, որոնցից դու չես կարող դուրս գալ: Դա եղավ ու կա Հենրիխի մոտ»,- Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «UA-Футбол»-ը:

«Ռոմայի» ու «Շախտյորի» միջև առաջին խաղը տեղի կունենա մարտի 11-ին Հռոմում:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային», իսկ «Շախտյորն» ուժեղ էր գտնվել Թել Ավիվի «Մաքաբիից»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» խաղացել է 2010-2013-ը: 32-ամյա կիսապաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):