Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակը։

«Դժվար խաղ էր, բայց կարևորն այն է, որ կարողացանք երեք միավոր վաստակել։ Լիխտենշտայնն ամբողջ խաղի ընթացքում ամբողջ կազմով պաշտպանվում էր, իսկ մեզ մոտ չէր ստացվում պահերի իրացումը։ Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել։ Որքան մոտենում էր հանդիպման ավարտը, այնքան ավելի դժվարանում էր մեր գործը, բայց լավ է, որ ներդրած ջանքերն արդյունք տվեցին ու մենք կարողացանք հաղթանակի հասնել»,- Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:


Հիշեցնենք, որ Վադուցի «Ռեինպարկ» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 84-րդ րոպեին խփել էր դաշտի տերերի կիսապաշտպան Նոահ Ֆրոմելտը, որը գրավել էր սեփական դարպասը: Արթուր Միրանյանը փոխարինման էր դուրս եկել 64-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում մարտի 28-ին Երևանում կընդունի Իսլանդիային, իսկ 3 օր անց տնային հանդիպում կանցկացնի նաև Ռումինիայի հետ։