Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականը Հայաստանի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի խաղում հանդես կգան նոր համազգեստով: Երևանյան խաղում Միրել Ռեդոյի գլխավորած թիմը կխաղա սպիտակ համազգեստով, hաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջությամբ կարմիր համազգեստով:


Հայաստան - Ռումինիա հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:

Ռումինիայի հավաքականն արդեն ժամանել է Երևան և մարտի 30-ին՝ ժամը 18:00-ին, նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» ստադիոնում:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: