Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլերում պատմության մեջ առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկած Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց նաև երրորդ խաղում:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ռումինիայի հավաքականին և ֆանտաստիկ հաղթանակ տարավ 3:2 հաշվով: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսլանդացիների դեմ 3 օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխությունև դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման:

Ռումինացիներն ավելի ակտիվ սկսեցին խաղը և սկզբնամասում ունեին նկատելի տարածքային առավելություն: Հայաստանի հավաքականը խաղում էր երկրորդ համարով, բայց վտանգավոր հակագրոհներ անցկացնել չէր հաջողվում մեկնարկում:

9-րդ րոպեին հյուրերը լրջորեն սպառնացին Հայաստանի հավաքականի դարպասին: Տուգանայինից հետևեց վտանգավոր հարված, որից հետո Դավիդ Յուրչենկոն դժվարությամբ գնդակը հանեց անկյունային: Անչափ վտանգավոր ստացվեց նաև ռումինացիների խաղարկած անկյունայինը, սակայն դաշտի տերերի դարպասապահը դարձյալ հաջող գործեց:

14-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ստեղծեց առաջին վտանգավոր պահը՝ դաշտի կենտրոնում օգտվելով մրցակցի սխալից: Հարվածային դիրքում հայտնվեց Ալեքսանդր Կարապետյանը, որի հարվածից հետո հյուրերի դարպասապահը դժվարությամբ փրկեց թիմին: Քիչ անց վտանգավոր հարված կատարեց նաև Տիգրան Բարսեղյանը, բայց գնդակն ընթացավ փոքր շեղությամբ:

23-րդ րոպեին հայկական թիմը կարող էր գոլ բերել սեփական դարպասին, եթե ռումինացիներն արդյունավետ կերպով օգտվեին դաշտի տերերի սխալից: Պահը ստացվեց վտանգավոր, իսկ հարվածը՝ բարձր

22-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Տիգրան Բարսեղյանը, իսկ 28-րդ րոպեին՝ Խորեն Բայրամյանը, ինչը նշանակում է, որ 2 կիսապաշտպանները բաց կթողնեն հաջորդ ընտրական հանդիպումը:

Խաղակեսի միջնամասում հանդիպումն անցնում էր առանց իրական գոլային պահերի: Ռումինացիները փորձում էին խաղալ կարճ փոխանցումներով կոմբիանցիոն ֆուտբոլ, բայց դաշտի տերերն աստիճանաբար կարողացան հավասարեցնել խաղը:

41-րդ րոպեին զգուշացվեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, որը ևս բաց կթողնի հաջորդ հանդիպումը:

41-ին րոպեին ռումինացիները խաղարկեցին ևս մեկ վտանգավոր անկյունային հարված, իսկ քիչ անց անցկացրին նաև սուր հակագրոհ, ինչին Հայաստանի հավաքականը պատասխանեց հաջորդ գրոհի ժամանակ: Մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Անդրե Կալիսիրը հայտնվեց հարվածային դիրքում, բայց նրա հարվածը շեղ ստացվեց: Խաղակեսի վերջնամասն անցավ փոխնիփոխ գրոհներով, և թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Խոակին Կապառոսը կատարեց եռակի փոխարինում՝ դաշտ դուրս բերելով Սարգիս Ադամյանին, 19-ամյա Ժիրայր Շաղոյանին ու Էդուարդ Սպերցյանին: Ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Սպերցյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում:

Երկրորդ խաղակեսի առաջին գոլային պահն ունեցավ Հայաստանի հավաքականը: 51-րդ րոպեին գրոհին միացած Հովհաննես Համբարձումյանը փոխանցում կատարեց Ժիրայր Շաղոյանին, որի հարվածը շեղ ստացվեց դարպասային հրապարակից:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտում բաց ֆուտբոլ էր ընթանում, ինչն օգտագար եղավ դաշտի տերերի համար: Հակագրոհի արդյունքում աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը, որն ազգային թիմում նորամուտը նշեց գոլով՝ 1:0:

61-րդ րոպեին տանտերերը կարող էին կրկնապատկել առավելությունը: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում Սարգիս Արդամյանը գլխով շեղեցի գնդակի ուղղությունը, և հյուրերի դարպասապահը մեծ դժվարությամբ հետ մղեց գնդակը: Ռումինացիների մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում, սակայն 62-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Աչքի ընկավ Ալեքսանդրու Չիկուլդեուն:

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը դարձյալ նահանջեց և սպասում էր իր շանսիրն, իսկ ռումինացիները դարձյալ ստացան տարածքային առավելություն:

72-րդ րոպեին Ռումինիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Եզրային գրոհը գլխի հարվածով եզրափակեց Ալեքսանդրու Չիկուլդեուն՝ դառնալով դուբլի հեղինակ:

78-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողներով: Երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց անգլիական «Ռեդինգի» հարձակվող Գեորգե Պուշկաշը:

81-րդ րոպեին Ռումինիայի հավաքականը կորցրեց իրական գոլային պահ՝ չկարաողանալով օգտվել հայ ֆուտբոլիստների կոպիտ սխալից: Մեկ րոպե անց Ժիրայր Շաղոյանը վտանգավոր հարվածով սպառնաց մրցակցի դարպասին, իսկ վայրկյաններ անց Սարգիս Ադամյանը կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ: Հայաստանի հավաքականն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը, բայց գոլ խփել չէր հաջողվում: 86-րդ րոպեին Սարգիս Ադամյանը կորցրեց ևս մեկ գոլային պահ:

Այն, ինչ չէիր ստացվում հայկական թիմի առջևի գծի խաղացողների մոտ, ստացվեց կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի մոտ: Հայաստանի հավաքականի ավագը 87-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:

Դաշտի տերերը չէին դադարում գրոհել, իսկ 88-րդ րոպեին ստացան նաև 11 մետրանոց հարվածի իրավունք: Գնդակին մոտեցավ Տիգրան Բարսեղյանը և վստահորեն գրավեց դարպասը՝ 3:2:

Հայաստանի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը` 9 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային:

Այդ խաղից 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհյուրընկավի Գերմանիային, իսկ սերպեմբերի 8-ին տնային հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի հետ:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երրորդ տուր

J խումբ

Հայաստան - Ռումինիա՝ 3:2 (տեսանյութ)

Էդուարդ Սպերցյան, 56, Վարազդատ Հարոյան, 87, Տիգրան Բարսեղյան, 89 (11մ) – Ալեքսանդրու Չիկուլդեու, 62, 72

Հեռացում՝ Գեորգե Պուշկաշ, 78

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան (Էդուարդ Սպերցյան, 46), Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Սոլոմոն Ուդո, 90+3), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Սարգիս Ադամյան, 46), Ալեքսանդր Կարապետյան (Ժիրայր Շաղոյան, 46):