Եվրոպական Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որով հայտնում են ծրագրի կասեցման մասին: Հաղորդագրությունը Twitter-ի իր էջում տեղադրել է AP լրագրող Ռոբ Հարիսը, փոխանցում է Armsport.am-ը։

«Եվրոպական Սուպերլիգան համոզված է, որ եվրոպական ֆուտբոլի ներկայիս կարգավիճակը պետք է փոխվի: Մենք առաջարկում ենք նոր եվրոպական մրցաշար, քանի որ գործող համակարգը չի գործում: Մեր առաջարկը նպատակ ունի ապահովել սպորտաձևի զարգացումը` ստեղծելով ռեսուրսներ և կայունություն ամբողջ ֆուտբոլային բուրգի համար, այդ թվում` օգնելով հաղթահարել համաճարակի հետևանքով ամբողջ ֆուտբոլային համայնքի ֆինանսական դժվարությունները: Այն նաև կապահովի համերաշխության վճարների ավելացում ֆուտբոլի բոլոր շահագրգիռ կողմերին:

Չնայած անգլիական ակումբների նախագծից դուրս գալուն, որոնք ստիպված էին նման որոշումներ կայացնել իրենց վրա գործադրված ճնշման պատճառով, մենք համոզված ենք, որ մեր առաջարկը լիովին համապատասխանում է եվրոպական օրենքներին և կանոնակարգերին, ինչն ապացուցվեց այսօր դատարանի որոշմամբ:

Հաշվի առնելով առկա հանգամանքները՝ մենք պետք է վերանայենք ծրագրի ձևաչափը փոփոխելու քայլերը՝ հաշվի առնելով մեր նպատակները. երկրպագուներին առաջարկել լավագույն տպավորությունները, միևնույն ժամանակ ավելացնելով համերաշխությունն ամբողջ ֆուտբոլային համայնքի համար», – ասված է հայտարարության մեջ: