Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան իտալական «Ռոմայում» շարունակում է մնալ հարցականի տակ:

90 min-ը հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որի հետ աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:


Իտալական մամուլի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը դեմ չէ աշխատել հայ ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 31 խաղի և դարձել 10 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):