Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի վերադարձին ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքական: Ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը 33-ամյա ֆուտբոլիստին ընդգրկել է Եվրո-2020-ի հայտացուցակում:

«Ես լիովին վստահում եմ Դիդյե Դեշամին: Իմ աշխատանքը չի կարելի համեմատել նրա աշխատանքի հետ: Կարծում եմ՝ նա կայացրել է ճիշտ որոշում: Ֆրանսիան հավաքել է լավագույն հնարավոր կազմը: Կարևոր է, որ ֆուտբոլիստների միջև լինեն լավ հարաբերություններ»,- Էմանուել Մակրոնի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:


Հիշեցնենք, որ Բենզեման 2015 թվականին Ֆրանսիայի հավաքականից հեռացվել էր իր թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով։ Ազգային թիմում նա անցկացրել է 81 հանդիպում, դարձել 27 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: