Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմայի» հետ բանակցություններ է սկսել նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Alfredopedulla.com-ի համաձայն՝ կողմերը մոտ են 2 տարով գործող պայմանագիրը երկարաձգելուն:


32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում էր հեռանալ «Ռոմայից» Ժոզե Մոուրինյոյի՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու պատճառով, սակայն պորտուգալացի մասնագետի հետ հանդիպումից հետո փոխել է իր որոշումը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:

Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):