Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին:

Եվրո-2020-ի բացման հանդիպումը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում, որտեղ Իտալիայի և Թուրքիայի հավաքականները կհանդիպեն A խմբում:


Իտալիայի և Թուրքիայի հավաքականները պատմության մեջ հանդիպել են 7 անգամ: Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 1962 թվականին, իսկ նախորդը՝ 2006-ին: Այդ խաղերում 4 հաղթանակ տարել են իտալացիները, ևս 3 անգամ թիմերը չեն պարզել հաղթողին:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.50 գործակցով: Թուրքերի հաղթանակը ստացել է 8.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.75։

A խմբի մյուս խաղում հունիսի 12-ին կմրցեն Շվեյցարիայի և Ուելսի հավաքականները:

Կարդացեք նաև՝ Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով

Եվրոպայի գործող չեմպիոնն է Պորտուգալիայի հավաքականը, որը «Մահվան» խմբում է հայտնվել աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հունգարիայի հավաքականների հետ:

Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա կլինեն սահմանափակ թվով երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 երկրների 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում: Պատմության մեջ առաջին անգամ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար կպայքարեն 24 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

Թուրքիա – Իտալիա՝ 23:00 (Երևանի ժամանակ)

Ուելս – Շվեյցարիա՝ 17:00 (Հունիսի 12, Բաքու)

B խումբ

Դանիա – Ֆինլանդիա՝ 20:00 (Հունիսի 12, Կոպենհագեն)

Բելգիա – Ռուսաստան՝ 23:00 (Հունիսի 12, Սանկտ Պետերբուրգ)

C խումբ

Անգլիա – Խորվաթիա՝ 17:00 (Հունիսի 13, Լոնդոն)

Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա՝ 20:00 (Հունիսի 13, Բուդապեշտ)

D խումբ

Հոլանդիա – Ուկրաինա՝ 23:00 (Հունիսի 13, Ամստերդամ)

Շոտլանդիա – Չեխիա՝ 17:00 (Հունիսի 14, Գլազգո)

E խումբ

Լեհաստան – Սլովակիա՝ 20:00 (Հունիսի 14, Սանկտ Պետերբուրգ)

Իսպանիա – Շվեդիա՝ 23:00 (Հունիսի 14, Սևիլիա)

F խումբ

Հունգարիա – Պորտուգալիա՝ 20:00 (Հունիսի 15, Բուդապեշտ)

Ֆրանսիա – Գերմանիա՝ 23:00 (Հունիսի 15, Մյունխեն)