Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին առաջիկայում կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:

Արգենտինացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այսօր՝ հունիսի 30-ին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» Մեսիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին կհայտարարի այս շաբաթվա ընթացքում: Սպասվում է, որ նրա նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառ: Այս օրերին հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Բրազիլիայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը:


Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան:

Ավարտված մրցաշրջանում 34-ամյա Մեսին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում: