Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան տեղեկացնում է. «Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ տոնեց Տոկիոյի օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչում և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Մեդալի արժեք ունեցող վճռորոշ մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Էլնուր Աբդուրաիմովի հետ և ունենալով նկատելի առավելություն շատ վստահ հաղթանակ տոնեց ո 5։0 հաշվով: Հատկանշական է, որ բոլոր 3 ռաունդներում մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին: Կիսաեզրափակիչում Բաչկովի մրցակիցը կլինի ամերիկացի Քեյշոուն Դևիսը, որը քառորդ եզրափակիչում 4։1 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Գաբիլ Մամեդովին։ Բաչկովի կիսաեզրափակիչ Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 6-ին։ Հարկ է ընդգծել, որ օլիմպիական խաղերում Հայաստանը բռնցքամարտում նախորդ մեդալը նվաճել հեռավոր 2008 թվականին: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան մեր երկար սպասված մեդալի կապակցությամբ շնորհավորում է հայկական բռնցքամարտի աշխարհի բոլոր ներկայացուցիչներին, Բաչկովի մարզիչներին, հավաքականի մարզիչներին և առհասարակ բոլոր նրանց ովքեր իրենց լուման են ունեցել այս նվաճման մեջ և հույս հայտնում, որ Տոկիո 2020-ում մեր բռնցքամարտիկի մեդալի հարգը դեռ բարձրանալու է»: