Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և ղազախական «Կայրաթի» դիմակայության հաղթողը փլեյ-օֆֆ փուլում կմրցի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ:

«Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում 2 խաղերի արդյունքում (1:2, 1:2) պարտվել է շվեդական «Մալմյոյին» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողին: Առաջին խաղում «Ֆոլա Էշն» արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» և «Կայրաթի» միջև Ալմաթիմում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել էր մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: