Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման համար Սկոպյե ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում է անցկացրել Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականին միացել են նաև թիմի նորեկներ, հարձակվող Իշխան Գելոյանը, դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը և կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը:

Մարզումը հիմնականում նվիրված էր տակտիկական նրբություններին՝ պաշտպանությունից անցում հարձակման և հակառակը, զոնային և անհատական պաշտպանություն և այլն: Մարզման ընթացքում նաև փորձարկվել են ստանդարտ դիրքերի իրացման մի շարք տարբերակներ:

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: