«Մանչեսթեր Յունայթեդին» միանալու համար Անգլիա ժամանած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստիպված կլինի անցնել 5-օրա կարանտին, հայտնում է Manchester Evening News-ը:

Անգլիական ակումբը դիմել էր Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով չեղարկել 36-ամյա ֆուտբոլիստի կարանտինը, սակայն մերժում է ստացել: Պորտուգալիայից Մեծ Բրիտանիա մեկնած բոլոր մարդիկ պետք է ինքնամեկուսանան 5 օրով:

Բացի այդ, Ռոնալդուն պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի Անգլիա ժամանելու երկրորդ ու 5-րդ օրերին: Եթե 2 թեստերի պատասխանները լինեն բացասական, Թուրինի «Յուվենտուսի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը կկարողանա միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ավելի վաղ նշվում էր, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը կնշի «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

Պորտուգալիայի հավաքականի ավագն անգլիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Յուվենտուսը» 5 տարվա ընթացքում 15 միլիոն եվրո կստանա Ռոնալդուի տրանսֆերի դիմաց: Այդ գումարը կարող է ավելանալ ևս 8 միլիոնով՝ կախված նրա ելույթներից:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009-ին ևս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 292 հանդիպում և դարձել 118 գոլի հեղինակ: Նա նաև հասցրել է 4 տարի խաղալ մանչեսթերցիների 48-ամյա գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։

Ռոնալդուն 2018-ի ամռանն էր միացել «Յուվենտուսին», որի կազմում երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։ Իտալական ակումբի կազմում հարձակվողն անցկացրել է 133 հանդիպում ու դարձել 101 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003) և Մադրիդի «Ռեալում» (2009-2018):