2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Լիխտենշտեյնի թիմին։

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Խոակին Կապառոսի գլխավորած թիմին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.11 գործակցով։ Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակը ստացել է 23.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 8.50։

Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 37-ամյա խորվաթ Դույե Ստրուկանը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն: