Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։

«Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ:

Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի:

Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»,- Կապառոսի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի թիմում հանդես էր գալիս 2007 թվականից՝ 95 խաղում խփելով 32 գոլ եւ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։