«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ ոքին «Նապոլիի» հետ Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում՝ դժգոհելով մրցավարությունից։

«Ես ուրախությամբ նշեցի ոչ ոքին, քանի որ հանդիպման ընթացքում կար տպավորություն, որ անհնար կլինի հանդիպումը դրական արդյունքով ավարտել։ Ոչ այն պատճառով, որ իմ թիմը վատ էր խաղում։ Հանդիպման ընթացքում մենք մեծացնում էինք ճնշումը, բայց ես ունեի այդպիսի տպավորություն, որ շատ բարդ կլինի փոխել ընթացքը։


Իմ թիմը ֆանտաստիկ էր այսօր։ Մենք ավելին էինք ցանկանում, բայց հասանք այն արդյունքին, որը հնարավոր էր։ Չեմ ցանկանում շատ խոսել մրցավարների մասին, բայց երբեմն ամաչում էի նրանց տեղը։ Նրանք պետք է մի քիչ հարգանք դրսեւորեն։

Ցավոք, մենք մրցաշրջանի որոշ հատվածներում լավ հանդես չեկանք եւ չենք կարող հավակնել չեմպիոնի տիտղոսին, բայց մենք ցանկանում ենք ամեն խաղում հաղթանակի համար պայքարելու իրավունք ունենալ։ Այս անգամ այդ իրավունքը մեզնից խլեցին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Ռոմային» պարտությունից փրկել էր իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավիի գոլը ավելացված ժամանակում։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։

«Նապոլին» 67 միավորով երրորդ տեղում է, «Ռոման» 5-րդն է՝ 58 միավոր։