Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանն ընդառաջ նշել է առաջնահերթ նպատակի մասին։

«Սխալ է հիմա փլեյ-օֆֆի մասին մտածելն ու կանխատեսում անելը։ Պետք է մտածել միայն առաջին հանդիպման եւ խմբային փուլի մասին։ Անհավանական կարեւոր է ճիշտ սկսելը՝ առաջին 3 միավոր վաստակելը, ինչը կտա հոգեկան հանգստություն եւ վստահություն հաջորդ քայլի համար։


Անցած առաջնության ժամանակ մենք 1/8 եզրափակիչում մտածում էինք հաջորդ փուլերի մասին, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Այո, մենք հասկանում ենք, որ հավաքականն այժմ շատ լավ վիճակում է։ Ես շատ ընդհանրություններ եմ զգում այսօրվա եւ 2014-ի հավաքականի միջեւ, բայց պետք չէ մոռանալ, որ աշխարհի առաջնությունը շատ բարձր պահանջներ է ներկայացնում»,- Մեսիի խոսքը մեջբերում է Ole-ն։

Խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի թիմերը։

2014թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան պարտվել էր Գերմանիային, 2018թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում՝ Ֆրանսիային։