Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող առաջնության 8-րդ մրցումային օրը տղամարդկանց Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը: 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գասպարյանը պայքարը սկսեց 175 կգ-ով: Առաջին մոտեցումը հաջողությամբ կատարելուց հետո նա ձախողեց այս վարժության հաջորդ երկու մոտեցումները, որոնց համար պատվիրել էր 179 կգ: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց նաեւ փոքր բրոնզե մեդալ:


Հրում վարժությունում 25-ամյա ծանրորդը ձախողեց առաջին երկու մոտեցումները 213 կգ պատվերով: Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը գլխավերեւում ֆիքսեց 214 կգ-ոց ծանրաձողը:

Սա Սամվել Գասպարյանի առաջին մեդալն է աշխարհի առաջնություններում եւ Հայաստանի դեռեւս միակ մեդալն այս առաջնությունում:

 

102 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Քաթարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը (391, 174+217), փոխչեմպիոն դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռեզա Դեհդարը (390, 177+213):

Նախորդ գիշեր կանանց պայքարում մրցահարթակ էին դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Տաթեւ Հակոբյանը եւ Միլենա Խաչատրյանը: 76 կգ քաշային կարգում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 227 կգ արդյունքով 9-րդն է, Միլենա Խաչատրյանը՝ 220 կգ-ով 11-րդը։ Տաթեւ Հակոբյանը պոկել է 105 կգ, հրել՝ 122 կգ, Միլենա Խաչատրյանը պոկել է 100 կգ, հրել՝ 120 կգ: