Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 17-ին տեղի կունենա նախավերջին հանդիպումը։ Բրոնզե մեդալների համար կպայքարեն կիսաեզրափակիչում պարտություն կրած Խորվաթիան ու Մարոկկոն։

Այս հավաքականները կհանդիպեն երկրորդ անգամ։ Առաջինը եւս այս առաջնությունում էր։ Խմբային փուլի առաջին տուրում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 0:0։


Խմբային փուլում Մարոկկոն նաեւ 2:0 հաշվով հաղթեց Բելգիային, 2:1 հաշվով՝ Կանադային եւ խմբում 7 միավորով գրավեց առաջին տեղը։

Խորվաթիան 4:1 հաշվով պարտության մատնեց Կանադային, 0:0 հաշվով խաղաց նաեւ Բելգիայի հետ եւ 5 միավորով գրավեց երկրորդ տեղը։

1/8 եզրափակիչում Մարոկկոն հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0։ Քառորդ եզրափակիչում Մարոկկոն 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիային, իսկ կիսաեզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։

Խորվաթիան 1/8 եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց Ճապոնիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Խորվաթիան դարձյալ 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց Բրազիլիային՝ 4:2: Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0, լրացուցիչ ժամանակը՝ 1:1 հաշվով։ Կիսաեզրափակիչում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվեց Ամերիկայի գավաթակիր Արգենտինային։

Բրոնզե մեդալների համար հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։