Աշխարհի չեմպիոն Արգենտինայի եւ փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականների առաջատարներ, փարիզյան ՊՍԺ-ի խաղացողներ, 35-ամյա Լիոնել Մեսին ու 23-ամյա Կիլիան Մբապեն աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ ողջունել են իրար եւ գրկախառնվել։

Աշխարհի առաջնության 7 խաղում Մբապեն խփեց 8 գոլ, կատարեց 2 գոլային փոխանցում եւ արժանացավ մրցաշարի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։


Ֆրանսիան երկրորդ անգամ անընդմեջ խաղաց աշխարհի առաջնության եզրափակիչում 2018թ․ չեմպիոնությունից հետո։

Ֆրանսիան արգենտինացիներին պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 2։4)։

Արգենտինացիների ավագը պատմության մեջ միակն է, ում հաջողվեց մեկ առաջնության ընթացքում 5 անգամ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

Նա ստացավ լավագույնի մրցանակը նաեւ Ֆրանսիայի դեմ եզրափակիչի արդյունքում։ Աշխարհի առաջնությունում Մեսին մասնակցեց 7 հանդիպման, խփեց 7 գոլ, կատարեց 3 գոլային փոխանցում։

Մեսին հայտարարել է, որ դեռ չի ավարտի կարիերան ազգային թիմում։

«Սա պարզապես անհավանական էր։ Ես գիտեի, որ Աստված կպարգեւի ինձ աշխարհի գավաթը։ Վստահ էի, որ կհասնենք հաղթանակի։ Սա մեծագույն ուրախություն է բոլորիս համար։

Վաղուց երազանք եմ ունեցել կարիերաս ավարտել աշխարհի չեմպիոնի տիտղոսով։ Ավելին խնդրել չեմ կարող։

Ոչ, չեմ պատրաստվում հեռանալ ազգային թիմից։ Ցանկանում եմ Արգենտինայի խաղաշապիկով հանդես գալ նաեւ աշխարհի չեմպիոնի դերում»,- ասել էր Մեսին եզրափակիչից հետո։

Արգենտինան երրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը 1978 եւ 1986 թվականներից հետո։