Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներն անցկացրին Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» եւ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլն» ու Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։

Գերմանիայում «Նապոլին» «Այնտրախտին» հաղթեց 2:0 հաշվով։ 40-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Դրանից 4 րոպե առաջ 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չէր կարողացել վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։


58-րդ րոպեին հեռացվեց «Այնտրախտի» ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։ 65-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն։

«Լիվերպուլը» տանը «Ռեալին» պարտվեց 2:5 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գրավեց բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ 10 րոպե անց Սալահն օգտվեց Կուրտուայի սխալից եւ կրկնապատկեց առավելությունը։ Արքայական ակումբից հավասարությունը վերականգնեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը դարձավ դուբլի հեղինակ՝ 2:2:

Երկրորդ խաղակեսում երեք գոլ խփեց Արքայական թիմը։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։

Պատասխան հանդիպումները տեղի կունենա մարտի 15-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0:2 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 40, Ջովանի Դի Լորենցո, 65

Չիրացրած 11մ՝ Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»), 36

Հեռացում՝ Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ»), 58

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 2:5 (տեսանյութ)

Դարվին Նունիես, 4, Մոհամեդ Սալահ, 14 - Վինիսիուս Ժունիոր, 21, 36, Էդեր Միլիտաո, 47, Քարիմ Բենզեմա, 55, 67