Տարին լավ եմ սկսել, հույս ունեմ, որ այսպես կշարունակվի: Առջեւում կարեւոր մրցաշար ունենք՝ Եվրոպայի առաջնություն Թուրքիայում: Կաշխատեմ ամեն ինչ անել, որ Թուրքիայից ոսկե մեդալով վերադառնամ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը երկու ոսկե մեդալ է նվաճել 2023 թվականի աշխարհի գավաթի առաջին երկու փուլերում: Նախորդ գիշեր աշխարհի չեմպիոնը Հայաստանի թիմի հետ Դոհայից վերադարձել է հայրենիք:


«Լավ մասնակցեցի երկու փուլերում: Տարին լավ եմ սկսել: Դոհայից հետո մյուս մասնակիցները մեկնում էին Բաքու, որտեց անցկացվելու է երրորդ փուլը, մենք, ինչպես հայտնի է, չենք գնալու: 4-րդ փուլը տեղի է ունենալու Կահիրեում, Եվրոպայի առաջնությունից առաջ: Այստեղ էլ ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալով վերադառնամ:

Այս տարի մի փոքր դժվար էր մրցաշրջանը սկսել. Քանի որ գործող աշխարհ չեմպիոնն ես, փորձում ես այդ անունը չգցել: Մի փոքր դժվար էր հավաքվելը աշխարհի չեմպիոնությունից հետո: Աշխարհի գավաթի փուլերում վատ մարզավիճակում չէի, ուրախ եմ, որ կարողացա երկու հաղթանակ տանել: Հուսով եմ՝ տարին այսպես կշարունակվի: Կարեւոր մրցաշար ունենք առջեւում՝ Եվրոպայի առաջնությունը, որը տեղի է ունենալու Թուրքիայում:

Շուտով կանցկացնենք Հայաստանի առաջնությունը, ապա կմեկնենք Վրաստան՝ հավաքի, այնտեղից էլ Անթալիա: Պետք է շատ լուրջ պատրաստվենք, որ լավ մասնակցենք, մեդալներով վերադառնանք: Կաշխատեմ ամեն ինչ անել, որ Թուրքիայից ոսկե մեդալով վերադառնամ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հայաստանի հավաքականի առաջատարը անգերազանցելի է եղել աշխարհի գավաթի Կոտբուսի եւ Դոհայի փուլերում հենացատկի վարժությունում:

Լուսինե Շահբազյան