Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը նախախաղային ասուլիսում պատմել է ազգային թիմի տրամադրվածության մասին։

Հայաստանի հավաքականն ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ պատրաստվում է Թուրքիայի թիմի դեմ խաղին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում։


«Շատ լավ վիճակում եմ հոգեբանական տեսանկյունից։ Նոր պայմանագիր եմ կնքել «Աստանայի» հետ։ Հոգեբանական եւ ֆիզիկական տեսանկյունից խնդիր չունեմ, ամեն ինչ լավ է։ Չհաշված փոքր վնասվածքները թիմում, ամեն ինչ լավ է։

Թուրքիան լավ թիմ է, որակով ֆուտբոլիստներով, շատերը խաղում են առաջատար լիգաներում։ Ուսումնասիրել ենք մրցակցին արդեն երեք օր։ Գիտենք թույլ եւ ուժեղ կողմերը։ Կփորձենք փակել ուժեղ կողմերը եւ օգտագործել թույլ կողմերը։ Հուսով ենք՝ կստացվի։

Բոլորս շատ լավ ենք տրամադրված այս խաղին։ Բոլորս էլ գիտենք, թե սա ինչ խաղ է մեզ համար, ամեն ինչ լավ կլինի։ Շատ ուրախ եմ, որ բոլոր տոմսերը սպառված են։ Միանշանակ օգնության ձեռք կլինի։

Մի շաբաթ է արդեն ծանոթ ենք մարզիչին։ Որոշ ֆուտբոլիստներ ավելի շուտ են ծանոթացել, ավելի լավ են հասկացել նրա մտքերը։ Այս մեկ շաբաթում շատ մեծ աշխատանք է տարվել, թիմում պրոֆեսիոնալներ են եւ շատ հեշտ ընտելացել են։

Իհարկե, Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա։ Նրա ներկայությունը կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մխիթարյանը բոլորիս ընկերն է, բոլորս էլ հարգում ենք նրա որոշումը։

Շատ լավ տպավորություն է թողել Հրանտ Ռանոսը։ Շատ լավ որակներ ունի, վստահ եմ, որ շատ կօգնի մեզ հետագայում։

Իհարկե, այս խմբում մենք ֆավորիտը չենք, բայց ամեն խաղին պատրասվում ենք այնպես, ինչպես վերջին խաղին։ Նոր է սկսվում շրջափուլը, տանն ենք խաղում, փորձելու ենք քաղել առավելագույնը ամեն խաղում։

Լավ հիշում եմ 2008-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստան - Թուրքիա հանդիպումը։ Խաղադաշտում եզրին էի կանգնած։ Մեր թիմը պարտվեց, բայց մեծ հիշողություններ ունեմ»,- նշեց Վարազդատ Հարոյանը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան - «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բավարիա» (Գերմանիա)