Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի շահառու հանդիսացող համայնքային 16 թիմերից Քանաքեռ-Զեյթունի թիմի երեխաները հնարավորություն ստացան ներկա գտնվելու Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Ծրագրի շահառուներն Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներն են, որոնք կանոնավոր ֆուտբոլային մարզումների շնորհիվ ավելի հեշտ են ինտեգրվում համայնքային կյանքին:

Մարզումից հետո երեխաները հնարավորություն ստացան լուսանկարվելու իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ:

Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի հավաքականի դեմ: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով):

Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: