«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Սթրեդֆորդից (Մեծ Մանչեսթեր), որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում։ Աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկն է։

Հիմնադրվել է որպես «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)»՝ 1878 թվականին, անվանափոխվել է 1902 թվականին՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ակումբը 1910 թվականից իր խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որը համարվում է Անգլիայի ամենամեծ մարզադաշտը «Ուեմբլիից» հետո և տեղավորում է գրեթե 76000 հանդիսական։

«Մանչեսթեր Յունայթեդն»  ամենատիտղոսակիր, ամենամեծ և լեգենդար ակումբներից մեկն է  ֆուտբոլի պատմության մեջ։ Վերջին 20 տարիների ընթացքում Անգլիայի ամենահաջողակ ակումբն է. 1986 թվականի նոյեմբերից, երբ ակումբն սկսեց գլխավորել Ալեքս Ֆերգյուսոնը, նվաճել է 27 խոշոր գավաթ։

Պրեմիեր Լիգայի 2010-2011 մրցաշրջանում թիմը նվաճել է ռեկորդային 19-րդ տիտղոսը՝ այդպիսով դառնալով Անգլիայի ռեկորդակիր չեմպիոնական տիտղոսների քանակով և շրջանցելով «Լիվերպուլին», որը նվաճել է 18 չեմպիոնական տիտղոս։

2012-2013 մրցաշրջանում ակումբը նվաճեց նաև 20-րդ տիտղոսը։ 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ  առաջին անգլիական ակումբը, որը նվաճել է չեմպիոններների գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բենֆիկային» 4-1 հաշվով։

1999 թվականին «Մանկունիանցիները» հաղթեցին եվրոպական ամենապատվաբեր առաջնության եզրափակչում՝ կամային հաղթանակ տանելով «Բավարիա Մյունխենի» նկատմամբ 2-1 հաշվով։

2008 թ.-ին թիմը կրկին նվաճեց Չեմպիոնների լիգան՝ հաղթելով Լոնդոնյան «Չելսիին»։ Այս ամենից բացի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդակիր է Անգլիայի գավաթների քանակով (11 տիտղոս)։

2012-2013 մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը՝ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ով նշանակվել էր այդ պաշտոնին 1986 թվականի նոյեմբերի 6-ին, թողեց պաշտոնը՝ անցնելով  թոշակի՝ 27 տարվա մեջ նվաճելով 38 տիտղոս և դառնալով ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն մարզիչներից մեկը։

Այժմ թիմի գլխավոր մարզիչը հոլանդացի մասնագետ Լուի վան Գալն է։ Նա փոխարինեց մարզչի պարտականությունները կատարող Ռայան Գիգզին. վերջինս նշանակվել էր այդ պաշտոնին Դևիդ Մոյեսի հեռանալուց հետո։

Թիմի ավագը Ուեյն Ռունին է, ով 2014 թվականի ամռանը փոխարինեց Նեմանյա Վիդիչին։