Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում 52 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթեց Հունգարիան ներկայացնող Նանդոր Քսոկային, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Մենամարտի հենց սկզբից մեր մարզիկը նախաձեռնողի դերում էր, սակայն մրցավարները առաջին 2 ռաունդներում հաղթանակը նվիրեցին մրցակցին:

Թվում էր, թե այլևս անհնար կլինի փրկել իրավիճակը: Սակայն իր ակտիվության, աշխատասիրության ու հաղթական տենչի շնորհիվ Նարեկը բացահայտ առավելություն ստացավ և արդյունքում հաղթեց:

Նա քառորդ եզրափակիչում է: Այստեղ հայ բռնցքամարտիկը կմրցի սլովակ Վիլյամ Տանկոյի հետ, մրցամարտը կկայանա հունիսի 23-ին:

Մեկ հաղթանակ ևս, և մենք մեդալ կունենանք: