«Կարմիր սատանաները» երաշխավորել են, որ  Գերմանիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպանը  մշտական տեղ կունենա իրենց մեկնարկային կազմում:

Բաստիան Շվայնշտայգերը «Բավարիայում» է 14 տարեկանից: Խոսե Գվարդիոլայի օրոք նրան հետանդում են տրավմաները, և անցած մրցաշրջանում նա ընդամենը 15 անգամ է Բունդեսլիգայի հանդիպումներին մեկնարկային կազմում խաղացել:

Ինչպես հաղորդում է The Times-ը, ինքը Շվայնշտայգերը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: 

Մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալու առաջարկը կարող է նրա համար մեծ օգնություն լինել, քանի որ արդեն ավելի հեշտ կլինի պահպանել տեղը նաև Գերմանիայի հավաքականում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են փոխանակել իրենց կիսապաշտպաններին. Բաստիան Շվայնշտայգերը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Անխել դի Մարիան՝  մյունխենյան ակումբ: 

Հավելենք, որ Շվայնշտայգերը «Բավարիայի» կազմում 500 պաշտոնական հանդիպման է մասնակցել՝ դառնալով 67 գոլի հեղինակ:

Մյունխենցիների հետ կիսապաշտպանը 8 անգամ Գերմանիայի չեմպիոն է դարձել և երկրի 7 Գավաթ նվաճել: Իսկ 2 տարի առաջ Շվայնշտայգերն ու  «Բավարիան» հաղթեցին Չեմպիոնների լիգայում: