Ինչպես գիտեք, հուլիսի 18-ին գերմանական Հալլե քաղաքում կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը, որը  թվով 4-րդն է:

Օրերս Արթուրը և նրա մարզիչը՝ Ուլլի Վեգները հանդիպել են գերմանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց հարցերին:

«Իմ տիտղոսը կմնա ինձ մոտ: Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտում նոկաուտ չեմ խոստանում, սակայն դրա համար կանեմ ամեն ինչ: Ես 2 անգամ հաղթել եմ նրան և մեկ անգամ վնասվածքի պատճառով պարտություն եմ կրել: Սա կլինի մեր վերջին մենամարտը:

Ռոբերտը շատ է հարվածում, սակայն նրա հարվածները ծանր չեն: Սկզբում նա հրթիռի պես արագ է, սակայն ես դրան արդեն ընտելացել եմ:

Եթե հաղթեմ, կշարունակեմ մենամարտել մինչև 2017 թվականի ավարտը: Ցանկանում եմ կարիերաս ավարտել մարզչիս հետ՝ չեմպիոնական տիտղոսով»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է boxwelt.com-ը:

Իսկ 73-ամյա Վեգները նշել է, որ գոհ է Արթուրի մարզավիճակից և նրանից միայն հաղթանակ է ակնկալում:

«Եթե Արթուրը պարտվի, դա ամեն ինչի վերջը կլինի: Սակայն ես հավատում եմ նրան, նա սփարինգ-մենամարտերի ժամանակ նույնիսկ ծանր քաշային կարգի բռնցքամարտիկներին է կարողանում իր հարվածներով ցնցել: Իսկ Շտիգլիցը մենամարտի ընթացքում կարողանում է միայն առաջ տեղաշարժվել և միայն մեկ մարտավարություն գիտի:

Արթուրը նրան գերազանցում է ամեն առումով, այդ պատճառով էլ ակնկալում եմ, որ այդ մենամարտում հաղթողը նա է լինելու: Այլ արդյունքը պարզապես աղետ կլինի»,-ասել է Վեգները: