«Մանչեսթեր Յունայդեթի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վստահեցնում է, որ դարպասապահ Վիկտոր Վալդեսը շուտով կլքի իր ղեկավարած ակումբը.

«Վալդեսը մեզ հետ չեկավ ամերիկյան շրջագայությանը, որովհետև չի համապատասխանում իմ փիլիսոփայությանը: Այն փիլիսոփայությանը, թե ինչպես ֆուտբոլ խաղալ և հետևել խաղային ռիթմին: Անցած մրցաշրջանում նա հրաժարվեց խաղալ պահեստային թիմում:

«Մանչեսթեր Յունայդեթի» դարպասապահը պետք է համապատասխանի փիլիսոփայական մի շարք ասպեկտների: Եթե ինչ-որ մեկը պատրաստ չէ ենթարկվել այդ սկզբունքներին, նրան միայն մի ելք է մնում՝ հեռանալ: 

Մենք հիասթափված ենք: Հույս ունեինք, որ Վալդեսը կհետևի մեր կանոններին: Ցավալի է, քանի որ մենք նրան վերափոխվելու հնարավորություն էինք տվել, պայմանագիր, որպեսզի նա կարողանար խաղալ: Բայց երբ դու չես խաղում հիմնական կազմում, պետք է որպես պահեստային հանդես գաս»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Վալդեսը «կարմիր սատանաների» հետ պայմանագիրը կնքել է հունվարին՝ մեկուկես տարի ժամկետով:

Մինչ այդ դարպասապահը 2002-2014 թվականներին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում»՝ ակումբի կազմում դառնալով Իսպանիայի առաջնության վեցակի և ՉԼ եռակի հաղթող: