Ամբողջ աշխարհում այսօր նշում են Շախմատի միջազգային օրը:

Համաշխարհային շախմատային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի որոշմամբ, այս օրը նշվում է սկսած 1966 թվականից:

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այդ խաղի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս VI դարում: Առասպելի համաձայն՝ այն հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: 

Հայաստանում շախմատ հավանաբար սկսել են խաղալ IX դարից և այն անվանել են ճատրակ (խաղի հնդկերեն «չատրունգա» անվանումից), ավելի ուշ՝ շախմատ:

Շախմատային աշխարհում հայերի անունների պակաս չկա. Տ. Պետրոսյան, միջազգային գրոսմայստերներ Ռ. Վահանյան, Ս. Լպուտյան, Վ. Հակոբյան, Ա. Պետրոսյան, Ա. Անաստասյան, Ա. Մինասյան, Կ. Ասրյան, Լ. Արոնյան...

1999 թ-ին Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992 և 2002 թթ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006 թ-ին՝ չեմպիոն:

Հավելենք, որ  Համաշխարհային շախմատային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հիմնվել է 1924 թ.-ին: Նպատակը աշխարհում շախմատի տարածումն ու զարգացումն է:

Այսօր արդեն ՖԻԴԵ-ի անդամ են 170 երկրների ազգային շախմատային ֆեդերացիաներ: