Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպպ Լամը չի ուզում խաղալ 34 տարեկանից հետո:

«Ինձ համար արդեն պարզ է, որ 2018-ին կավարտեմ կարիերաս: Այդ ժամանակ ես արդեն 34 տարեկան կլինեմ: Դրան պատրաստվել է պետք: Այդպես եղավ նաև Գերմանիայի հավաքականից հեռանալու ժամանակ: Ես ինձ նախապատրաստել էի, դրա համար էլ հետո ծանր չտարա որոշումս», – Լամի խոսքերը մեջբերում է Bild-ը: 

Հավելենք, որ Լամը «Բավարիայի» հիմնական կազմում խաղում է 2005 թվականից:

Այդ ժամանակահատվածում ֆուտբոլիստը 6 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, 5 անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը, 2-ական անգամ՝ Գերմանիայի Սուպերգավաթը և Գերմանական Լիգայի գավաթը, հաղթել է Չեմպիոնների լիգայում, Աշխարհի ակումբային առաջնությունում և նվաճել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: