Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներ՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, նվաճեցին եզրափակիչի ուղեգիր և կգոտեմարտեն ոսկե մեդալի համար:

Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 6:2 հաշվով հաղթեց թուրք Ցենկ Իլդեմին, իսկ եզրափակիչում կմրցի ռուս Նիկիտա Մելնիկովի հետ: 

32-ամյա Ռոման Ամոյանը կիսաեզրափակիչում 4:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին: Ամոյանը մեկնարկել էր խորվաթ Իվան Լիզատովիչի նկատմամբ 9:0 հաշվով հաղթանակով, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել վրացի Իրակլի Շավաձեից՝ 13:6: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովը:

Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանն ներկայացուցիչներից պայքարի մէջ էին մտել նաև Միհրան Հարությունյանը (66 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ), ովքեր մեդալ չնվաճեցին:

Վաղը՝ մարտի 13-ին, Հայաստանի հավաքականի կազմում պայքարի մեջ կմտնեն Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):