ՀՀ ոստիկանության պայմանագրային աշխատակից Ռոման Սահրադյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ պտտաձողի վրա 1 րոպեում 45 անգամ «մեծ պտույտ ետ» վարժություն կատարելու համար։

«Ես կատարեցի մի այնպիսի ռեկորդ, որը դեռևս չկար Գինեսի ռեկորդների պատմության մեջ: Իմ այս ռեկորդը նվիրում եմ քառօրյա պատերազմում զոհ դարձած մեր քաջարի մարտիկներին՝ հանձինս իմ համագյուղացի Ռաֆիկ Հակոբյանի, ինչպես նաև ներկայումս կռվող հայ մարտիկներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սահրադյանը:

«Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով, Ռոման Սահրադյանը, բացի «Դյուցազնագրքի» բազմաթիվ ռեկորդներից, արդեն սահմանել է երկու համաշխարհային ռեկորդ:

«Մեկ ձեռքով պտույտ կատարելը և ժամանակի մեջ տեղավորվելը իրոք շատ բարդ է, բայց Ռոմանը կարողացավ այդ ռեկորդը սահմանել: Ռոման Սահրադյանի կատարած ռեկորդը կգրանցվի «Դյուցազնագրքի» 3-րդ հատորում»-,նշել է Թովմասյանը և ավելացրել, որ նեկայումս 3 մարզիկներ պարապում են Գինեսի ռեկորդ սահմանելու համար:

Ռոման Սահրադյանի նախկին ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ պտտաձողի վրա 30 րոպեում 1001 պտույտ կատարելու համար: