Տրաբզոնում ընթացող դպրոցականների 16-րդ Գիմնազիադայում երեկ հանգստյան օր էր: Կազմակերպիչները հայտարարել էին մշակութային օր, և մասնակիցները շրջեցին Տրաբզոն քաղաքի տեսարժան վայրերով, իսկ երեկոյան տեղի ունեցավ համերգային ծրագիր: Հանգստյան օրը շատ արդյունավետ անցկացրին նաև պատվիրակության ղեկավարները:

Բազմաթիվ հանդիպումներ տեղի ունեցան, որոնցից մեզ համար ամենակարևորը մեր պատվիրակության ղեկավար ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանի և դպրոցականների համաշխարհային մարզական ֆեդերացիայի նախագահ, ֆրանսիացի Լորան Պետրինկայի հանդիպումն էր: Այն շատ հագեցած էր, և տևեց 1,5 ժամ:

Մեր պատվիրակության ղեկավարը հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանում դպրոցականների սպորտի քաղաքականությունը, վերջին տարիներին այս ոլորտում կատարած աշխատանքներն ու զգալի առաջընթացը: Արման Այվազյանի կողմից եղան նաև շատ կարևոր երկու առաջարկությունն էր: Առաջինը վերաբերում էր Հայաստանում մենապայքարային ձևերի աշխարհի առաջնություններ անցկացնելուն: Իսկ երկրորդը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի դպրոցականներին:

Մեր պատվիրակության ղեկավարը հետևյալ ձևակերպմամբ. "Չչանաչված պետությունների դպրոցական տարիքի երեխաները չպետք է քաղաքականության զոհ դառնան, ուստի առաջարկում եմ, որ Լեռնային Ղարաբաղի և նպանատիպ իրավիճակում հայտնված այլ պետությունների դպրոցականներին նույնպես ընդգրկենք դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի կազմում և հաջորդ տարվանից սկսած թույլ տանք նրանց մասնակցել այս կարևոր ստուգատեսին" առաջ քաշեց շատ կարևոր հարց: Արման Այվազյանը նաև հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղի դպրոցական սպորտը զարգանում է նույն տեմպերով, ինչպես աշխարհի շատ ճանաչված պետությունների դպրոցական սպորտը:

"Լեռնային Ղարաբաղի մարզիկները մասնակցում են Հայաստանում անցկացվող բոլոր մարզական միջոցառումներին՝ որպես առանձին պետության մարզիկներ և ունեն բավարար մարզական պատրաստվածություն իրենց ուժերը չափելու միջազգային ասպարեզում: Իմ մանկավարժական փորձը թույլ է տալիս ասել, որ եթե մեկ 30 հոգանոց դասարանում կա դաստիարակության գործընթացից դուրս մնացած գեթ մեկ աշակերտ, նա կարող է խաթարել ամբողջ դասարանի կրթության գործընթացը: Այդ իսկ պատճառով, մենք լինելով համաշխարհային ֆեդերացիայի անդամներ, կրելով պատասխանատվություն աշխարհի բոլոր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության զարգացման համար՝ պարտավոր ենք ընդլայնելու մեր շարքերը՝ ներգրավելով աշխարհի բոլոր երեխաներին, առանց քաղաքական ետին մտքի",-առաջարկեց մեր պատվիրակության ղեկավարը:

Նրան ի պատասխան Լորան Պետրինկան ասաց. "Ես արդեն 5 տարի է հետևում եմ Հայաաստանի դպրոցական սպորտի զարգացման ընթացքին և ողջունում եմ Ձեզ ինչպես Հայաստանում, այնպես էլ համաշխարհային դպրոցական սպորտում կատարած զգալի աշխատանքների և ձեռքբերումների համար, որի արդյունքն է վերջին երկու Գիմնազիադաներում հայ մարզիկների հաջողությունները: Ես որպես նախագահ ամեն ինչ կանեմ, որպեսզի Հայաստանը, հանդիսանալով հին պատմական երկիր, կարողանա իր մոտ անցկացնել առանձին մարզաձևերի աշխարհի առաջնություններ: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դպրոցականների մասնակցությանը, մենք այդ հարցը կբարձրացնենք սույն թվականի դեկտեմբերին Հնդկաստանում կայանալիք միջազգային ֆեդերացիայի նախագահության նիստի ժամանակ, որի պատասխանող կողմը կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունը: Խնդրեց նաև պատրաստել հինգ րոպեանոց տեսահոլովակ Լեռնային Ղարաբաղի և այնտեղ իրականացվող մարզական միջոցառումների մասին, որը կներկայացվի նիստի ժամանակ: Վերջում նշեց, որ ամենայն հավանականությամբ Լեռնային Ղարաբաղի դպրոցականներին որպես առանձին պետության ներկայացուցիչներ կթույլատրվի մասնակցել միջազգային մրցումներում, բայց նախագահության նիստերում իրենց շահերը կպաշտպանի Հայաստանի ներկայացուցիչը":