Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում գործող գավաթակիր «Բարսելոնան» պարտվեց «Ատլետիկին»։
Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ դաշտի տերերի առավելությամբ․ կատալոնացիները որոշ դրվագներում անգամ չէին կարողանում դուրս գալ սեփական կիսադաշտից։ Հաաշիվը 25-րդ րոպեին բացեց փորձառու Արից Ադուրիսը։ Ընդամենը 3 րոպե անց Ինյակի Ուիլյամսը կրկնապատկեց «Ատլետիկի» առավելությունը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, «Բարսելոնային» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ տուգանային հարվածից աչքի ընկավ Լիոնել Մեսսին։ Հաշվի մեջ այլևս փոփոխություններ չարձանագրվեցին՝ չնայած «Ատլետիկը» հանդիպումն ավարտեց 9 հոգով․ 74-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ռաուլ Գարսիան, 80-րդ րոպեին՝ Անդեր Իտուրասպեն։

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից, «Կամպ Նոու» մարզադաշտում։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
«Ատլետիկ» - «Բարսելոնա»՝ 2։1
Գոլերը՝ Ադուրիս 25՛, Ուիլյամս 28՛ - Մեսսի 52՛
Հեռացումներ՝ Գարսիա 74՛, Իտուրասպե 80՛